Էռնեստ Հեմինգուեյ․ Ծերունին կամրջի վրա


Էռնեստ Հեմինգուեյ․ Ծերունին կամրջի վրա

Պողպատյա շրջանակավոր ակնոցով ու փոշոտված հագուստով մի ծերունի նստեց ճահապարհի եզրին։

Գետնի վրա կար մի կամուրջ, որի վրայով անցնում էին բեռնատարները, սայլերը, տղամարդիկ, կանայք ու երեխաներ։ Ջորեքարշ սայլերը օրորվելով հեռանում էին կամրջից ու դանդաղորեն մոտենում գետի զառիվեր ափին։ Զինվորները կոճեր էին դնում սայլերի անիվների տակ, որպեսզի հաղթահարեն զարիվերը։ Առջևից գնում էին բեռնատարները՝ ճանապարհ բացելով սայլերի համար, իսկ ետևից խիտ փոշու միջով դժվարությումբ քայլում էին գյուղացիները։ Բայց ծերունին անշարժ նստած էր այնտեղ։ Նա այնքան հոգնած էր, որ մի քայլ անգամ չէ կարող անել։

Ինձ հանձնարարված էր անցնել կամուրջը, հետախուզել կամրջագլխի ամբողջ տարածությունը և հայտնաբերել թշնամու հարաձակման ուղղությունը։ Ես կատարեցի հանեձնարարությունը և վերադարձա կամրջի մոտ։ Այնտեղ միայն մի քանի սայլեր էին մնացել, որոնց հետևից հոգնած քայլում էին գյուղացիները։ Ու ծերունին դեռևս այնտեղ էր։

- Որտեղի՞ց եք գալիս,- հարցրի ես ծերունուն:

- Սան Կարլոսից,- ասաց նա ժպտալով:

Սան Կարլոսը նրա հայրենի քաղաքն էր, և նա մի առանձին հաճույք էր ստանում արտասանելով այդ անունը։

- Ես կենդանիներ էի պահում,- բացատրեց նա:

- Օ՜,- ասացի ես, բոլորովին չհասկանալով։

- Այո՛,- ասաց նա,- գիտե՞ք, ես հենց դրա համար էի մնացել, և ես վերջին մարդն էի, որ թողեցի քաղաքը։

Նա ոչ հովվի և ոչ էլ նախրապանի էր նման։ Ես նայեցի նրա սև, փոշոտ հագուստին, նրա մռայլ, փոշոտ դեմքին, պողպատյա շրջանակավոր ակնոցներին ու հարցրի

- Ի՞նչ կենդանիներ էին դրանք...

- Տարբեր...- ասաց ծերունին հասահատորեն շարժելով գլուխը:- Ես ստիպված թողեցի նրանց: Ես դիտում էի կամուրջը և Էբրոյի դելտան, որ շատ էր նման Աֆրիկային։ Ինձ հետաքրքրում էր, թե ինչքան ժամանակից մենք կտեսնենք թշեամուն, և շարունակ սպառնում էի այն առաջին ձայներին, որ կազդարարեին բախման սկիզբը։ Ու ծերունին դեռ նստած էր այնտեղ։

- Ի՞նչ կենդանիներ էին դրանք,- կրկնեցի ես։

- Ընդամենը երեք տեսակի՝ երկու այծ, մի կատու, չորս գույգ աղավնի։

- Եվ դուք ստիպված թողեցի՞ք նրանց...

- Այո՛։ Հրետանա պատճառով կապիտանը հրամայեց ինձ հեռանալ քաղաքից։

- Իսկ դուք ընտանիք չունե՞ք,- հարցրի ես, նայելով կամրջի հեռավոր ծայրին, որտեղ վերջին մի քանի սայլերն էին շտապում դեպի ափամերն դարավանդը։

- Ո՛չ։ Նոր ասացի, միայն կենդանիներ։ Կատվի մասին խոսք չկա, նրա վիճակը լավ կլինի։ Կատուները, իհարկե, կարող են իրենց ճարը գտնել։ Բայց ես չգիտեմ՝ ինչ է լինելու մյուսների վիճակը։

- Ի՞նչ կուսակցության եք հարում,- հարցրեցի ես։

- Ես կուսակցություն չունեմ: Ես յոթանասունվեց տարեկան եմ։ Ես քայլել եմ քսան կիլոմետր մինչև այստեղ և այժմ կարծում եմ, որ էլ հեռու չեմ կարող գնալ։

- Սա կանգնելու համար այնքան էլ լավ տեղ չէ։ Եթե դուք կարողանաք քայլել գոնե մինչև ճամփաբաժան, դեպի Տորտոսա, այնտեղ շատ բեռնատարներ կան:

- Ես մի փոքր էլ կսպասեմ։ Իսկ որտե՞ղ են բեռնատարները գնում:

- Դեպի Բարսելոնա:

- Ես ոչ մի ծանոթ չունեմ այդ կողմերում.- ասաց ծերունին,- բայց շնորհակալություն և կրկին անգամ շնորհակալություն: Նա նայեց ինձ մտահոգված հոգնատանջ տեսքով և, ցանկանալով իր անհանգստությունը կիսել մեկ ուրիշի հետ ասաց. «Կատվի վիճակը լավ կլինի, ես համոզված եմ դրանում։ Կատվի համար անհանգստանալու հարկ չկա, բայց մյուսները․․․ Իսկ ի՞նչ եք կարծում, ի՞նչ կլինեն մյուսները»։

- Ինչո՞ւ, նրանք հավանաբար բոլորն էլ լավ կլինեն։

- Դուք այդպե՞ս եք կարծում։

- Ինչո՞ւ չէ...- ասացի ես, նայելով գետի հեռավոր ափին, որտեղ այլևս սայլեր չկային։

- Բայց ի՞նչ կանեի նրանք, հրետանու ժամանակ, երբ ինձ հրամայեցին հեռանալ։

- Աղավնիների վանդակը բաց թողեցի՞ք:

- Այո՞...

- Ուրեմն, նրանք կթռչեն։

- Այո՛, իհարկե նրանք կթռչեն, բայց մյուսները... Ավելի լավ է չմտածել մյուսների մասին:

- Եթե հանգստացել եք, գնանք,- շտապեցրի ես:- Հիմա բարձրացեք և փորձեք քայլել:

- Շնորհակալություն,- ասաց նա և ոտքի կանգնեց, օրորվեց ու նորից նստեց փոշու մեջ:

- Ես կենդանիներ էի պահում․․․- տխրությամբ կրկնեց նա,- ես միայն կենդանիներ էի պահում...

Ոչինչ չէի կարող անել նրա համար։ Դու զատկի կիրակին էր, և ֆաշիստները առաջանում էին Էբրոյի ուղղությամբ: Օրը մռայլ էր ու ամպամած: Ամպերի ցածրության պատճառով այդ օրը գերմանական ինքնաթիռները չէին բարձրացել: Այդ փաստը և այն, որ կատուները կարող են իրենց գլխի ճարը գտնել ամբողջ բախտավորությունն էր, որ երբևէ ծերունին կունենար։


Անգլերենից թարգմանեց Վաչե Գրիգորյանը

«Գրական թերթ», 1967, թիվ 1
 

Комментариев нет:

Отправить комментарий

Սուրեն Այվազյանի մասին

Սուրեն Այվազյանի մասին Մամուլ 1956 *  Սևակ Արզումանյան, Լեռնցիներ (գրախոսություն)։  «Սովետական գրականություն», 1956, թիվ 12, էջ 127-131։