Գուրգեն Ջանիբեկյան․ Հանդիպում Վիլյամ Սարոյանի հետ

ԳՈՒՐԳԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԻԼՅԱՆ ՍԱՐՈՅԱՆԻ ՀԵՏ[1]

 

Մոսկվայում էինք։ Եկել էինք մասնակցելու թատերական գործիչների, դրամատուրգների, թատերագետների համամիութենական կոնֆերանսին։ Հոկտեմբերի 7-ին, երեկոյան առաջին նիստն ավարտելուց հետո, Միությունների տան սյունազարդ դահլիճի զբոսասրահում կանգնած, Վաղարշյանը, Աճեմյանն ու ես միտք էինք անում, թե ուր գնալ, ինչպես անցկացնել երեկոն, երբ մոտեցավ Հակոբ Սալախյանը և ասաց

- Այսօր Մոսկվա է ժամանել Վիլյամ Սարոյանը, վաղը մեկնելու է Մյունխեն։ Տեղեկանալով, որ այստեղ են գտնվում Հայաստանի մի խումբ արվեստագետներ, ցանկացավ տեսնվել հետները։ Հիմա գնաց Սուրեն Քոչարյանին լսելու, որից հետո կայցելի ձեզ այնպես որ՝ պատրաստ եղեք։

«Ուկրաինա» հյուրանոցի մեր սենյակում, ուր ապրում էինք Աճեմյանի հետ, փոքրիկ մի սեղան բաց արինք։ Բարեբախտաբար, Երևանից մեզ հետ բերել էինք Հայաստանի բարիքներից՝ լավաշ հաց, կոնյակ, դեղձ, տնական գաթա․․․

Մեր ունեցածը դրինք սեղանի վրա, իմանալով, որ Սարոյանը հաճույք պիտի ապրի հայրենի բարիքները ճաշակելիս, ինչպես նրա «Մարդկային կատակերգություն» վիպակի հերոսներից մեկը՝ տարագիր Արան, որ հեռավոր Ամերիկայի փոքրիկ քաղաքներից մեկում, հայրենիքի կարոտը սրտում պահելով համ ու հոտ չէր առնում եղած ուտելիքից, որովհետև դրանք հայրենի հողի, ջրի և արևի պտուղները չէին։

Գիշերվա տասներկուսի մոտ սենյակի դուռը բախեցին։ Շեմքին երևաց անբռնազբոս կեցվածքով, ամրակուռ կազմվածքով, անպաճույճ զգեստ հագած, փափուկ գլխարկը անփույթ թեքությամբ գլխին դրած միջահասակ մի մարդ։

- Կսիրե՛մ իմ ժողովուրդս․․․ կսիրե՛մ․․․- գոչեց նա հայերեն ու ներս մտավ։

Վիլյամ Սարոյանն էր։

Ծանոթացանք։ Նրա հետ էին Սուրեն Քոչարյանը, Հակոբ Սալախյանը և թարգմանը։

Առաջին իսկ պահից երևաց մեր հյուրի անմիջականությունն ու պարզությունը։

Նստեցինք սեղանի շուրջ։ Ես վերցրի լավաշ հացի մի կտոր ու տալով նրան, ասացի

- Անուշ արեք հայ աշխատավորի թոնրատանը թխած հացը։

Երկար նայեց հացին, գլուխը խոնարհեց, սկսեց հոտ քաշել, մի կտոր կտրեց, համբուրեց։

- Կսիրե՜մ․․․- մեղմ բացականչեց նա։

- Իսկ սա էլ Հայաստանի նարնջի դեղձ, այս էլ Երևանի անուշեղեն և, ի վերջո, ահա ձեզ Երևանի էունդ ու բուրավետ կոնյակը, անո՛ւշ արեք։

Գավաթները զրնգացին։

- Բարի գալուստ,- բացականչեցինք բոլորս։

Սարոյանը հուզված էր։ Հայերեն պատասխանեց

- Մաղթեմ ժողովուրդիս անմահություն․․․- արագ դատարկեց գավաթը և նստեց։

Սկսվեց աշխույժ, կենդանի զրույց։ Հայերեն էր խոսում, թոթովախոս մանկան պես ճգնում էր ամեն մի բառի վրա, ջանալով հասկացնել իր միտքը։ Եվ երբ արդեն շատ էր դժվարանում, դիմում էր թարգմանի օգնությանը։ Ժպտալով, ասաց

- Ես Ամերիկայի մեր հայրենակիցներուս հետ հայերեն կխոսիմ․․․ երբ հանդիպինք՝ իրար կըսենք է, ինչպե՞ս եք, գործերը ինչպե՞ս են։

Մենք էլ էինք աշխատում բառերը հստակ արտասանել, այնքան, որ նույնիսկ Վաղարշյանի լիրիկական ձայնը տարօրինակ շեշտ ստացավ, էլ չեմ ասում Սուրեն Քոչարյանի որոտընդոստ գոչյունների մասին, որ դղրդացնում էին սենյակը։ Իսկ խոսում էինք շատ ազնիցվ բաներից՝ հայ ժողովրդի վերածննդի, ծաղկող Սովետական Հայաստանի, հայ արվեստի, գրականության, կուլտուրայի զարգացման մասին։ Սարոյանը լուռ լսում էր, աշխատելով կռահել ու հասկանալ յուրաքանչյուր բառ։ Հաճախակի կում-կում խմում էր կոնյակը և սևեռուն հայացքով դիտում էր զրուցակիցներին։

Չգիտեմ մեզնից որ մեկը հայտնեց Սարոյանին, որ ես երգել գիտեմ։ Նա թախանձագին խնդրեց ինձ մի երգ ասել։ Ես, իհարկե, չէի կարող մերժել, մանավանդ որ այդ պահիներգելու ցանկություն էլ ունեի։ Երգելիս նկատեցի, թե ինչպես նա, գլուխն ափերի մեջ առած ու թեթև տարուբերելով, ականջ էր դնում։

- Շատ աղեկ է, շնորհակալ եմ․․․

Աճեմյանը, ըստ իր սովորության, թուղթն ու մատիտը ձեռքն էր առել և թաքուն նկարում էր։ Այս անգամ Վարդանը ուշ սկսեց, որովհետև տարված էր զրույցով և չհասցրեց ավարտել նկարը։ Սարոյանը, այնուամենայնիվ, նկատեց

- Ադ մարդը ի՞նչ կընե․․․- հարցրեց նա։

- Կնկարե․․․- պատասխանեց Սուրեն Քոչարյանը, դեռ արդյունքի չի հասել։

Խոսք բացվեց նրա պիեսների բեմադրության մասին։ Խնդրեցինք, որ իր լավագույն պիեսները տրամադրի մեր թատրոնին։ Նա հայտնեց, որ մի քանի պիես թողել է Մոսկվայի Գրողների միությունում՝ թատրոնների համար, շատ ուրախ կլիներ, եթե իր պիեսները տեղ գտնեն Սունդուկյանի անվան թատրոնի խաղացանկում։

Մեր հյուրը գնալով բացվում էր։

- Գալ տարի անպայման կուգամ Հայաստան․․․ Զավակներուս հետ։ Թող անոնք տեսնեն մեր հայրենիքը։ Կուգամ Արամիս, Լուսիիս հետ․․․ Աղջիկիս անունը դրամծ եմ մեծ մայրիս անունը․․․ Մայրիկիս շատ պարտական եմ։

Մի պահ լռեց, ապա կարծես ինչ-որ բան հիշելով ասաց

- Խնդալիք բան մը պատմեմ ձեզի։ Ես Ամերիկայի մեջ արդեն անուն հանած էի․․․ Ծանոթ, անծանոթ մարդիկ եկած էին մայրիկիս քով․․․ Անոնք ըսին մայրիկիս քու տղադ մեծ մարդ է, գիտե՞ս․․․ Մայրիկս խնդալեն ըսած է անիկա խենթ է․․․- նա բարձրաձայն ծիծաղեց,- Մայրիկիս համար ես խենթ մնացած եմ․․․ Կսիրեմ․․․։

Մենք ծիծաղեցինք։ Քիչ անց նա ցանկություն հայտնեց մի երգ էլ լսել։ Ես երգեցի Աշոտ Սաթյանի «Սևանը»․․․ Նա արձանացած, հայացքը մի կետի հառած, ունկնդրում էր։ Երբ ավարտվեց երգը, Սալախյանը ասաց

- Դու մեր տաղանդավոր կոմպոզիտոր Աշոտ Սաթյանի երգերից է։

- Ափսոս, որ վախճանվեց,- ավելացրեց Աճեմյանը։

- Ինչպե՜ս թե վախճանվեց,- հանկարծ գոչեց Սուրեն Քոչարյանը։

- Տասը օր առաջ,- պատասխանեցի ես։

Քոչարյանի աչքերը խոնավացան։ Սարոյանը լուռ նայում էր նրան։

- Կափսոսամ,- կամացուկ ասաց նա,- ծե՞ր մարդ էր։

- Ոչ։ Հիսուներկու տարեկան էր,- պատասխանեց Վաղարշյանը։- Սրտից մահացավ։

Սարոյանը, զարմացած, հայացքը հառեց նրան

- Է՜, հիսուներկու տարեկան մարդը կմեռնի՞․․․

Սուրեն Քոչարյանի տրամադրությունը ընկել էր։ Սարոյանը առանձին հետաքրքրությամբ հետևում էր նրան։ Դառնալով ինձ՝ ականջիս շշնջաց

- Ռադիոյեն լսած եմ Թումանյանի «Սուտլիկ որսկանը», անիկա կարտասաներ,- նա մատնացույց արեց Սուրենին։- Մեյ մըն ալ կուզեի լսել․․․ Բայց հիմա տխուր է․․․

Արդեն առավոտվա ժամը չորսն էր․․․ հրաժեշտ պիտի տայինք․․․

Սարոյանը բարձրացավ տեղից, լուռ նայեց սեղանին, վերցրեց մի կտոր լավաշ հաց, երկու կտոր գաթա, խնամքով փաթաթեց թղթի մեջ ու ծոցագրպանը դնելով ասաց

- Աս ալ զավակներուս․․․

 



[1] Տպագրվել է՝ «Սովետական արվեստ», 1958, թիվ 11, էջ 68։

 

Комментариев нет:

Отправить комментарий

Սուրեն Այվազյանի մասին

Սուրեն Այվազյանի մասին Մամուլ 1956 *  Սևակ Արզումանյան, Լեռնցիներ (գրախոսություն)։  «Սովետական գրականություն», 1956, թիվ 12, էջ 127-131։